Կառավարությունը հավաստիացնում է, որ դրամի փոխարժեքն ու գներն արդեն կայունացել են, և պատրաստում է «ավելի երկարատև ժամկետի ուղղված միջոցառումներ»: Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն անցած օրերին ուսումնասիրել է իրավիճակը ֆինանսական շուկայում, և խոսքը փոխանցեց Գաբրիելյանին:
«Փոխարժեքը կայունացել է: Այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է»,- հայտարարեց փոխվարչապետը:
«94 խանութ ամսի 16,17-ին չէին գործում, որովհետև սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են իրենց գործունեությանը, - շարունակեց նա: - Անգամ բոլոր բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքները կային, բայց գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է: Բոլոր տեղերում ապրանքները վաճառվում են հստակ գներով և տատանման ենթակա չեն»:
Վաչե Գաբրիելյանը նաև ասաց. «Մասնավորապես, Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ արդեն փոխանակման կետերի կարգավորման վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կներկայացնի հնարավոր անելիքները՝ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պարագայում ինչպիսին է լինելու իրենց վերաբերմունքը: Եվ այս կանոնակարգումների միջոցով ավելի երկարաժամկետ հատվածով մենք արդեն կներկայացնենք վարչապետին և կառավարությանը առավել երկարատև ժամկետի ուղղված միջոցառումներ»:
Կառավարության նիստից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին ասաց, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է մի քանի խոշոր ընկերությունների գործունեությունը, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի, բենզինի և մի շարք այլ ապրանքների վաճառքով:
«Այնուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով, հետևյալը կարող եմ ներկայացնել. դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն էր թողել գների մակարդակի վրա: Եվ փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են»,- նշեց նա:
Լրագրողներին հետաքրքրեց, թե ինչու չեն իջնում բենզինի գները, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, չէ՞ որ նավթի միջազգային գինը անցած երեք ամիսներին միայն իջել է և իջել է գրեթե կիսով չափ: Շաբոյանը նախ ասաց, որ դրամի արժեզրկումը իր ազդեցությունն է ունեցել, որ բենզինի գները չեն իջել և շարունակեց. «Նավթի արժեքը փոքր տեսակարար կշիռ է կազմում բենզինի գնի մեջ, դրա տեսակարար կշիռը կազմում է մինչև տասը տոկոս: Եվ նավթի վերամշակման վրա բավականին մեծ ծախսեր են արվում, որը մեծացնում է բենզինի արժեքը: Բացի այդ, մեր երկրում բենզինի գներում բավականին մեծ կշիռ են կազմում հարկերը»: Շաբոյանը հավելեց, որ իրենք պարզել են, որ հայաստանյան ընկերությունները բենզին ներմուծում են Ռուսաստանից, ունեն կնքված երկարատև պայմանագրեր, որտեղ գինը արդեն ֆիքսված է, և այդ հանգամանքը նույնպես թույլ չի տալիս իջեցնել գները: Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ Հայաստան բենզինի ներկրումը մոնոպոլիզացված է, և այլ ընկերություններ պարզապես չեն կարողանում մուտք գործել այդ ոլորտ: